Մոսկվայում կայացել է Քրիստոնեական միջդավանական խորհրդակցական հանձնախմբի 4-րդ գումարումը
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում կայացավ Քրիստոնեական միջդավանական խորհրդակցական հանձնախմբի հերթական, 4-րդ գումարումը` Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող երեք քրիստոնեական հարանվանությունների` Ռուս Ուղղափառ Եկեղեցի, Կաթոլիկ եւ Ավետարանական-Լյութերական եկեղեցիներ, նախաձեռնությամբ եւ նախագահությամբ։
«Ավետարանի անանց ուժը եւ դրա նշանակությունը ժամանակակից հասարակության համար» ընդհանուր խորագրի ներքո գումարման քննարկման հիմնական թեման ավետարանական քարոզչության եւ ժամանակակից հասարակության փոխհարաբերությունների հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիների մատնանշումն էր:։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ գումարմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմից Հոգեշնորհ Տ. Պողոս աբեղա Վարդանյանը եւ Տ. Գեւորգ քահանա Վարդանյանը։
Տեղի ունեցան չորս կլոր սեղան-քննարկումներ` ա. Հետեւել Քրիստոսին։ Քրիստոնեական ինքնությունն այսօր, բ. Խաղաղասիրությունն իբրեւ ավետարանական ճանապարհ, գ. Ավետարանն իբրեւ ժամանակակից հասարակության բարոյական ուղեցույց եւ դ. Ավետարանը եւ հասարակական ծառայությունը, որոնց եզրահանգումների հիման վրա ամփոփվեցին համաժողովի արդյունքները: