Մահացել է Ռուսաստանի ամենատարեց բնակիչը

Աստրախանի մարզի Կրասնոյարսկի շրջանից Ռուսաստանի ամենատարեց բնակիչ Տանզիլիա Բիսեմբեեւան մահացել է 123 տարեկանում: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել է Կրասնոյարսկի շրջանի ղեկավար Նուրգալի Բայթեմիրովը:
«Տանզիլիա Բիսեմբեեւան մահացել է, նրան հուղարկավորել են, նա գրեթե 124 տարեկան էր: Նրան վերջին ճանապարհ է ուղեկցել ամբողջ գյուղը: Շրջանում մեր երկարակյացին ճանաչում էին, հարգում եւ սիրում»,- ասել է Բայթեմիրովը:
Երկարակյաց աստրախանցու ազգականները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նա ապրում էր իր ընտանիքի հետ: Բոլորը նշում էին նրա բարության, լավատեսության եւ բարյացակամության մասին:
«Նա վերջին շրջանում արդեն փողոց դուրս չէր գալիս, քիչ էր խոսում, ավելի շատ պառկած էր անցկացնում: Բայց բոլոր ազգականներին ճանաչում էր»,- ասել է երկարակյացի եղբայրը՝ Շինթաս Բիսեմբեեւը՝ հստակեցնելով, որ քրոջը հուղարկավորել են հոկտեմբերի 26-ին: Այս մասին ավելի վաղ չի հաղորդվել:
Տանզիլիա Բիսեմբեեւան ծնվել է դեռեւս XIX դարի վերջին՝ 1896 թվականի մարտի 14-ին: Նա մեծացրել է 4 երեխաների, ունի 10 թոռ, 13 ծոռ եւ 2 թոռան ծոռ: Ռուսաստանի Ռեկորդների գրքի կայքի համաձայն՝ 2016 թվականին Տանզիլիա Բիսեմբեեւան (այդ ժամանակ 120 տարեկան էր) պաշտոնապես ճանաչվել է աշխարհում ամենատարեց մարդը: 2017 թվականին աստրախանցու ռեկորդը գերազանցվել է՝ պաշտոնապես երկրի ամենատարեց մարդ է ճանաչվել 127-ամյա Նանու Շաովան Կաբարդինո-Բալկարիայից, նա մահացել է 2019 թվականի հունվարին: Ըստ Ռուսաստանի Ռեկորդների գրքի կայքի՝ այս տարվա հունվարի 21-ին Տանզիլիա Բիսեմբեեւան ճանաչվել է Ռուսաստանում ամենատարեց մարդը: