Հայոց Ցեղասպանության և Անկարայի դեմ պատժամիջոցների մասին ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին. Ֆահրեթին Ալթուն
Հայոց ցեղասպանության և Անկարայի դեմ պատժամիջոցների մասին ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին եւ կվնասեն դրանց: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձեւի հարցով քվեարկությունն անհանգստացնում է բորոլին, ովքեր անհանգստանում են թուրք-ամերիկյան հարաբերությունների համար: Նրանք, ովքեր այդ բանաձեւի օգտին են քվեարկել, պատասխանատվություն կկրեն այս անհանգիստ տարածաշրջանում Անկարայի եւ Վաշինգտոնի ռազմավարական հարաբերությունների վատթարացման համար»,- նշել է նա: Նա հավելել է, որ «անընդունելի է քաղաքական խնդիրների իրականացման համար պատմության քաղաքականացումը»:
Իր հերթին, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ԱՄՆ-ին կոչ է արել «առաջին հերթին նայել իր պատմությանը, ԱՄՆ-ի կողմից աջակցվող Քրդստանի բանվորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության եւ ԱՍԱԼԱ-ի արյունոտ անցյալին»: «Այդ օրինագիծը պատմության քաղաքականացման ամոթալի օրինակներից է»,- գրել է նա Twitter-ում:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը: Բանաձեւին աջակցել է 223 կոնգրեսական, 191 օրենսդիր դեմ է արտահայտվել: Միեւնույն ժամանակ, Կոնգրեսի ստորին պալատն աջակցել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելքում Անկարայի ռազմական գործողությունների եւ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հետ:
«Օրինագիծը սպառնալիքի տակ է դնում Թուրքիայի հետ հարաբերություններն ու հակասում է ռազմավարական գործընկերության ոգուն: Նման փաստաթուղթը բացահայտ խախտում է ԱՄՆ պետական քաղաքականությունը այն ժամանակ, երբ ամերիկյան վարչակազմն ու Թուրքիան նպատակ ունեին հասնել 100-միլիարդանոց առեւտրաշրջանառության»,- նշել է Ալթունը:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած «Խաղաղության աղբյուր» գործողությունները նպատակ ունեն տարածքներն ազատել քրդական կազմավորումներից, որոնք Անկարան ահաբեկչական է ճանաչել: Պատժամիջոցների մասին նախաձեռնությունն ԱՄՆ նախագահին պարտավորեցնում է սահմանափակումներ մտցնել այն անձանց դեմ, որոնք ներգրավված են Սիրիայում ռազմական գործողություններին, նրանց թվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սակայն այդ օրինագիծը նախագահի կողմից ստորագրվելուց առաջ պետք է անցնի մի շարք գործընթացներ եւ քվեարկության դրվի: