Իսպանիայից հայ մասնագետը մտադիր է Հայաստանում էսթետիկ բժշկությունն ավելի մատչելի դարձնել (Լուսանկարներ)
Հայաստանում էսթետիկ բժշկության ոլորտում ծառայությունների գները բավականին բարձր են. չնայած բոլորը ցանկանում են խնամված եւ գեղեցիկ տեսք ունենալ, քչերը կարող են իրենց թույլ տալ դրա համար անհրաժեշտ միջամտությունների համար վճարել: Իսպանիայից հայրենիք վերադարձած բժիշկ Զառա Արոյանը մտադիր է դա շտկել եւ Հայաստանում էսթետիկ բժշկությունը հասանելի դարձնել:
Ընդամենը մոտ 2 ամիս առաջ բժիշկ Արոյանը Հայաստանում բացել է «Յուվենտա» եվրոպական կոսմետոլոգիայի կլինիկան, որտեղ Հայաստանի բնակիչները կարող են հարմարավետ պայմաններում ստանալ ցանկացած ծառայություն՝ խալերի հեռացումից մինչև երիտասարդացման և նիհարեցման պրոցեդուրաներ՝ միջին շուկայականից ավելի ցածր գներով:
Զառա Արոյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ «Յուվենտայում» աշխատում են միայն բժիշկ-կոսմետոլոգներ, իսկ սարքավորումների հիմնական մասը ձեռք է բերվել Գերմանիայում: Կլինիկայում կիրառվող կոսմետոլոգիական նյութերը նույնպես բարձրագույն որակի են: Իսկ ինչի՞ հաշվին են գներն այդքան ցածր:
«Մենք պարզապես աշխատում ենք առանց գերշահույթի, - խոստովանում է բժիշկ Արոյանը: - Ես այս բիզնեսով հարստանալու նպատակ չունեմ, ուղղակի ուզում եմ, որ հայուհիները մատչելի գներով որակյալ ծառայություններին հասանելիություն ունենան: Ես երկար տարիներ ապրել եմ այլ երկրներում եւ հնարավորություն ունեի համեմատելու այնտեղի գները Հայաստանում առաջարկվողի հետ: Ես հասկացա, որ ցանկության դեպքում այստեղ՝ Հայաստանում, կարելի է շատ ավելի ցածր գներ սահմանել, որպիսզի էսթետիկ բժշկության ծառայություններից կարողանան օգտվել ոչ միայն ընտրյալները: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր կլինիկայում գները մատչելի են նաև միջին եկամուտ ունեցող շարքային հայուհուն»:
Այսօրվա դրությամբ «Յուվենտայում» ծառայությունների լայն սպեկտր են առաջարկում ցանկացած տարիքի կանանց եւ տղամարդկանց: Երիտասարդներին կարող են հետաքրքրել ակնեի բուժման ծրագրերը, ավելի մեծ տարիքի մարդկանց՝ պիգմենտացիայի, ցելյուլիտի բուժումը եւ իհարկե՝ երիտասարդացման միջամտությունները: Կլինիկան առաջարկում է նաև այնպիսի միջամտություններ, ինչպիսիք են խալերի, մազանոթային աստղիկների հեռացումը, եւ քանի որ «Յուվենտան» գեղեցկության սրահ չէ, այլ բժշկական կենտրոն, այստեղ այս բոլոր միջամտությունները կատարում են միայն ու միայն բժիշկները, որոնք եղած խնդիրը քողարկելու փոխարեն կարող են հասկանալ խնդրի պատճառը եւ գտնել դրա արդյունավետ բուժումը:
«Յուրաքանչյուր կին անհատականություն է: Ուստի բոլորի հանդեպ միատեսակ մոտեցում չպետք է լինի: Յուրաքանչյուր կին ասես ծաղիկ լինի: Դու չես կարող ասել, թե ծաղիկներից որն է ամենագեղեցիկը՝ կապույտ տերեփո՞ւկը, վա՞րդը, թե՞, օրինակ, հիացինտը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը յուրօրինակ գեղեցիկ է, յուրաքանչյուրն անհատական է: Եթե կինն իր մեջ բացահայտի այդ անհատականությունը, նա անչափ գեղեցիկ կլինի», - ասաց Զառա Արոյանը:
Բժիշկ Արոյանը ծնվել եւ դպրոցն ավարտել է Հայաստանում, բայց 1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան, որտեղ ընդունվել է Ն. Ի. Պիրոգովի անվան բժշկական համալսարան: Համալսարանը, օրիդինատուրան եւ ասպիրանտուրան Մոսկվայում ավարտելով՝ նա դարձել է մանկաբարձ-գինեկոլոգ եւ երկար տարիներ աշխատել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում: Բժիշկը հիմա բնակվում է Իսպանիայում, բայց մոտ ապագայում մտադիր է ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվել, որտեղ ոչ միայն կղեկավարի իր էսթետիկ բժշկության կլինիկան, այլեւ կաշխատի իր մասնագիտությամբ՝ իր եվրոպական փորձն օգտագործելով ի բարօրություն հայրենակիցների:
Ավելին՝ բժիշկ Արոյանը նախատեսում է ապագայում «Յուվենտայի» մասնաճյուղեր բացել նաեւ երկրի մարզերում։ Այսօրվա դրությամբ մարզերի, հատկապես հեռավոր մարզերի բնակիչներին էսթետիկ բժշկության ծառայություններն անհասանելի են. շատ քաղաքներում դրանք ուղղակի չկան, իսկ եթե կան էլ, ապա գներն այնքան բարձր են, որ քչերը կարող են իրենց թույլ տալ դրանցից օգտվել: Իսկ մարզերում նման ծառայությունների անհրաժեշտությունը անչափ մեծ է, քանի որ խիստ կլիման եւ ծանր աշխատանքը ծանր հետք են թողնում կանանց արտաքինի վրա: