Իսրայելը պաղեստինցիների զրկանքների համար պատասխանատվություն չի կրում․ Ջարեդ Քուշներ
Իսրայելը պաղեստինցիների զրկանքների համար պատասխանատվություն չի կրում, քանի որ Պաղեստինը բախվում է ֆինանսական լուրջ ճգնաժամի հետ։ Այս մասին Էր Ռիադում «Ապագա ներդրումների նախաձեռնություն» համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները, հայտնում է AFP-ը։
«Իսրայելը պաղեստինյան ժողովրդի բոլոր տառապանքների պատճառը չէ, - ասել է նա,- Եթե դուք ուզում եք ներդրումներ կատարել Արեւմտյան ափին կամ Գազայի հատվածում, խնդիրը, որ ձեզ հետ է պահում, ահաբեկչության հանդեպ վախն է եւ այն, որ ձեր ներդրումները կարող են ոչնչացվել»։
Քուշները հունիսին Բահրեյնում տեղի ունեցած համաժողովում հրապարակել էր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի համաշխարհային ծրագրի տնտեսական դրույթները։
Պաղեստինը բոյկոտել էր համաժողովը՝ վարչակազմին մեղադրելով հիմնական հարցերն անտեսելու մեջ։ Սակայն Պաղեստինը խորը ֆինանսական ճգնաժամի մեջ է փետրվարից, երբ Իսրայելը սառեցրել էր ԱԱՀ-ի եւ մաքսատուրքերի փոխանցումը, որը նա հավաքագրում է պաղեստինցիների անունից։ Պաղեստինի իշխանությունները ստիպված էին խիստ խնայողության միջոցներ կիրառել։
Համաշխարհային բանկի տվյալներով, Իսրայելի գործողություններն ուժեղ հարված են հասցրել Պաղեստինին, որտեղ 2019թ․ երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակն արդեն հասնում էր 26 տոկոսի։