Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը. Մաշալյանը զեկույց է ներկայացնելու
Հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքով: Իր հայրապետական օրհնությունը բերելով ժողովականներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ինչպես նախորդ ժողովների ընթացքում, այնպես եւ այս ժողովին տեղի կունենան արդյունավետ քննարկումներ Հայոց Եկեղեցուն եւ ժողովրդին հուզող զանազան խնդիրների առնչությամբ:
Վեհափառ Հայրապետը ողջունեց նաեւ ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ներկայությունը, ով առաջին անգամ է այս հանգամանքով մասնակցում ԳՀԽ ժողովին եւ զեկույց է ներկայացնելու Պատրիարքարանին առնչված հարցերի եւ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ:
Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին եւ կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր: Մասնավորապես զեկույցներ կներկայացվեն 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական Ժողովի (ԱԵԺ) կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի կատարած աշխատանքի վերաբերյալ: Գերագույն հոգեւոր խորհուրդը զեկույց կլսի Մայր Տաճարի հիմնանորոգության առնչությամբ: Կքննարկվեն Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեության զորացման ուղիները: