Արտակարգ դեպք Գեղարքունիքում. 19-ամյա աղջկան առեւանգող երիտասարդը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 22:35-ի սահմաններում Իջեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի 36 NO 865 համարանիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի աջակողմյան պատնեշին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Նարեկ Ե.-ն, նրա ուղեւորներ, Դիլիջան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հայկ Ղ.-ն եւ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ,19-ամյա Գալյա Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Գալյա Ն.-ին, հավանաբար, առեւանգել են ամուսնության նպատակով, իսկ այդ առեւանգման փաստով Գեղարքունիքի մարզի դատախազի հանձնարարականով ոստիկանության Գավառի բաժնում առանձին նյութեր են նախապատրաստվում եւ սկսվել է հետաքննություն: