Ավելի լավ կլիներ ֆիլմ նկարահանել Մելինե Դալուզյանի սպորտային նվաճումների մասին, քան անձնական կյանքի. մեդիափորձագետ
Ավելի լավ կլիներ ֆիլմ նկարահանել Մելինե Դալուզյան սպորտային բարձունքների մասին, քան նրա անձնական կյանքի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պամող «Մել» ֆիլմի նկարահանման համար 20 միլիոն դրամ տրամադրելուն։
Նրա խոսքով՝ մենք գործ ունենք ոչ թե տրանսգենդերիզմի, այլ քաղաքական տրանսգենդերիզմի հետ։
«Մեր գործող իշխանությունը քաղաքական տրանսգենդերիզմ է, որովհետեւ, եթե մարդն ամենասկզբում ԵԱՏՄ–ին դեմ է, եթե մարդը պարտադիր կենսաթոշակայինին դեմ է, եթե մարդն արագաչափերին դեմ է, իսկ հետո դառնում է կողմ, ապա մենք գործ ունենք դասական քաղաքական տրանսգենդերի հետ, որոնց ինչ-որ ժամանակաշրջան պետք է դիմանանք»,– ասաց Քոչարյանը։
Նա տրանսգենդերիզմը որակել է որպես բիզնես։ Բլոգերի խոսքով՝ տղամարդուն կին դարձնելու կամ հակառակն անելու համար պետք է հորմոնալ դեղամիջոցներ ընդունել, այնուհետու վիրահատվել եւ դրանից հետո՝ մինչեւ կյանքի վերջն ընդունել այդ հորոմոնալ հավելումները, եւ այդ ամենի համար անհրաժեշտ են տասնյակ հազարավոր դոլարներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին վավերագրական «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 20 միլիոն դրամ։ Ռեժիսոր Իննա Սահակյանի այդ ֆիլմի համար «Բարս Մեդիա» ՍՊԸ-ն ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմակերպած մրցույթին մասնակցելով: Նշենք, որ Ազգային կինոկենտրոնն այժմ գտնվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո: Հիշեցնենք, որ Մելինե Դալուզյանը՝ որպես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, քաղաքական ապաստան է ստացել և բնակվում է Նիդեռլանդներում։