Երևան քաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացումը անունով էր միայն տրանսպորտի խնդիր. Ստյոպա Սաֆարյան
23 տարի անց մենք մեր անկախությանը բովանդակություն հաղորդելու հրամայական ունենք: Այսպես սկսեց իր խոսքը «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
«Այո, մենք անկախ ենք սահմանադրական դրոշով, հիմնով, այնպիսի ինստիտուտներով, ինչպիսին ցավոք սրտի քաղաքապետարանն է, բայց մեր առաքելությունն այն է, որպեսզի մեր ինստիտուտներին տանք այն իրական ազատությունը, որը պետք է ունենան: Ինստիտուտները պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, այլ ոչ թե հակառակը»:
Խոսելով վերջին ամսին Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ուղղված պայքարի մասին` Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Երևան քաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացումը անունով էր միայն տրանսպորտի խնդիր: Այն մեր իրավունքի հարցն էր, որովհետև հերթական անգամ ինչ-որ ֆեոդալներ որոշել էին, որ Երևան քաղաքը պետք է ծառայի իրենց ընտանիքների հարստացման համար: Խնդիրը հերթական բիզնես նախագծի իրականացումն էր` ի վնաս ժողովրդի:
Եվ ինչ արեց մեր հասարակությունը. նա վերագտավ արժանապատվությունը և ասաց, որ այդ որոշումը չպետք է կյանքի կոչվի»:
«Այն խնդիրը, որը թեկուզ մասամբ լուծվեց, միայն մի հաջողության գրավական ուներ. այն միավորեց բոլորին և բոլորը հավատացին իրենց ուժերին:
Առակս կցուցանե, որ մեր ուժը մեր համախմբվածության մեջ է»,- իր խոսքն ավարտեց «Բարև Երևան» խմբակցության անդամը: