Դե ֆակտո մենք չունենք անկախություն. ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյան
Մեզ հետ է ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, ով ազատամարտիկների հետ փաստել է, որ հաղթանակը կորսված չէ: Այս խոսքով «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ խոսքը փոխանցեց Խաչիկ Ավետիսյանին:
«Մենք շատ կուզենայինք այսօր շնորհավորել ողջ հայությանը անկախության 23-րդ տաեդարձի կապակցությամբ, սակայն չենք շնորհավորում, քանի որ անկախությունը ստացել ենք դե յուրե: Դե ֆակտո մենք չունենք անկախություն»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը` բացատրելով, որ պետությունը դե ֆակտո անկախ է լինում միայն այն ժամանակ, երբ ինքն է կայացնում իր երկրին վերաբերող բոլոր որոշումները:
«Այսօր մենք տեսնում ենք, որ մեր երկրի իշխանություններին պարտադրում են դրսից որոշումներ ընդունել իրենց ազգի համար: Միթե սա է մեր ուզած անկախությունը: Ոչ: Այսօր մենք ազատամարտիկներով տոտալ մոբիլիզացիա ենք հայտարարել: Տոտալ մոբիլիզացիա հայտարարվում է այն դեպքում, երբ հայրենիքը վտանգի մեջ է»:
Ավարտելով իր խոսքը` Խաչիկ Ավետիսյանն ասաց. «Ես կուզեի շնորհակալություն հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց չեմ հայտնում, քանի որ սա յուրաքանչյուրի պարտքն է: Պարզապես գոհունակությունս եմ հայտնում, որ մեր պայքարին առաջինն արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը»: