ԱՄՆ-ի ԶՈՒ գործողությունները ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման ուղղությամբ տևել են շուրջ չորս ժամ
ԱՄՆ-ի Զինված ուժերի գործողությունները, որոնց ընթացքում ենթադրաբար ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, տեւել է շուրջ չորս ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի զինվորականները ժամանել են Սիրիայի հյուսիս ութ ուղղաթիռով: Սկզբում 1.5 ժամ շարունակ ամերիկյան ուղղաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Իդլիբ նահանգի Բարիշա բնակավայրի մերձակայքում: Գործողությունների ընթացքում կիրառվել են նաեւ երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր: Այնուհետեւ մարտական գործողություններին միացել են ԱՄՆ-ի դեսանտայինները:
Ավելի վաղ Newsweek պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ շաբաթ Իդլիբ նահանգում հատուկ գործողությունների ժամանակ նրանք ոչնչացրել են ԻՊ-ի առաջնորդին: Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը զեկուցել էր Սպիտակ տանը, որ «բարձր վստահությամբ» կարող են խոսել ալ-Բաղդադիին ոչնչացնելու մասին: Առաջիկա ժամերին Սպիտակ տնից պաշտոնական հայտարարությամբ կներկայանա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ Ամերիկայի առաջնորդն իր թվիթերյան էջում գրել էր շատ նշանակալի իրադարձության մասին, որը տեղի է ունեցել վերջերս, սակայն չէր պարզաբանել, թե հատկապես ինչի մասին է խոսքը:
Ալ-Բաղդադիի մահվան մասին վարկածները պարբերաբար հայտնվում են տարբեր ԶԼՄ-ներում մի քանի տարի շարունակ: Սակայն դրանցից ոչ մեկը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել: