Թրամփի անձնական փաստաբանը պատահաբար ձայնային հաղորդագրություն է ուղարկել լրագրողին Բայդենի ու Բահրեյնի մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին ձայնային փոստի միջոցով պատահաբար երկու հաղորդագրություն է ուղարկել NBC հեռուստաալիքի լրագրողին, հաղորդում է BBC-ը:
Նշվում է, որ ձայնային հաղորդագրություններում Ջուլիանին խոսում է այն մասին, որ նրան փող է անհրաժեշտ, եւ մեղադրանք է հնչեցնում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենի հասցեին:
Հաղորդագրություններն ուղարկվել էին հեռուստաալիքում լրագրողական հետախուզությամբ զբաղվող Ռիչ Շապիրոյին ամսվա ընթացքում տարբեր օրերին:
Լրագրողի խոսքով՝ հաղորդագրություններն ուղարկվել էին, ըստ ամենայնի, կոճակներին պատահական սեղմումի հետեւանքով, որը երբեմն տեղի է ունենում, երբ հեռախոսը գտնվում է տիրոջ գրպանում:
Շապիրոն բաց էր թողել առաջին ձայնային հաղորդագրությունը սեպտեմբերի 28-ին. այդ օրը նա նշում էր իր դստեր ծննդյան տոնը: Դրա նախորդ օրը Ջուլիանին հարցազրույց է տվել թղթակցին:
Առաջին հաղորդագրության մեջ Թրամփի փաստաբանը անհայտ անձի հետ զրույցի ժամանակ քննադատել է Բայդենների ընտանիքին: Նա հայտարարել է, որ լինելով սենատոր՝ Ջո Բայդենը «փորձում էր սակարկել», եւ անգամ մեղադրել էր նրան Ուկրաինայում հետաքննությունը դադարեցնելու մեջ որդուն՝ Հանթերին, պաշտպանելու նպատակով:
«Նա նույնկերպ էր վարվել նաեւ Չինաստանում: Եւ փորձում էր դա անել Ղազախստանում ու Ռուսաստանում»,-հեռուստաալիքը հաղորդում է Թրամփի փաստաբանի խոսքերը:
Երկրորդ հաղորդագրության մեջ, որը ուղարկվել էր լրագրողին հոկտեմբերի 16-ին, Ջուլիանին անհայտ անձի հետ զրույցի ժամանակ խոսել է այն մասին, որ իրեն անհրաժեշտ է մի քանի հարյուր հազար դոլար: Բացի այդ, Թրամփի փաստաբանն ինչ-որ բան է ասել Բահրեյնի եւ Ռոբերտ անունով մարդու մասին: