Աթենքում մենկաբանել են Թուրքիայի հայտարարությունը, որ հույները խորտակում են միգրանտների հետ նավերը
Հունաստանի ԱԳՆ-ը կտրականապես հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյուտ Չավուշօղլու հայտարարությունը, որ հույները խորտակում են միգրանտների հետ նավերը, եւ անվանել դրանք վիրավորական, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ըստ հունական ԶԼՄ-ների՝ Անկարայում իր գերմանացի գործընկեր Հայկո Մասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Էգեյան ծովում Հունաստանը կրակում եւ խորտակում է միգրանտների հետ նավերն ու ստիպում է վիրավորներին վերադառնալ Թուրքիա:
«Մենք կտրականապես հերքում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները: Այդպիսի անհիմն պնդումները փախստականների դեմ կատարված գործողությունների մասին վարկաբեկում են նրանց, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում՝ վիրավորելով ինչպես Հունաստանի իշխանությունների համապատասխան ներկայաուցիչներին, այնպես էլ հույն քաղաքացիներին, որոնք ամեն օր հսկայական ջանքեր են գործադրում կյանքեր փրկելու համար»,-ասվում է Հունաստանի ԱԳ նախարարի հայտարարության մեջ:
ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հունաստանը ժողովրդավար հանրապետություն է արդար օրենքներով, որոնք արդյունավետորեն վերահսկում են իրենց սահմանները՝ լիովին հարգելով միջազգային իրավունքներն ու ունենալով մարդասիրության բարձր զգացում:
«Հակառակ պնդումները ծառայում են միայն մեկ բանի՝ թաքցնել այդ կարծիքները տարածողների՝ իրենց միջազգային պարտավորությունները պահպանելու ցանկության բացակայությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Վերջին ամիսներին զգալիորեն աճել է թուրքական ափերից միգրանտների հոսքը Էգեյան ծովի արեւելյան հատվածի հունական կղզիներում: Մի քանի հարյուր անօրինական միգրանտներ ամեն օր ժամանում են նավերով, առափնյա ծառայությունն անընդմեջ հայտնում է միգրանտներին փրկելու մասին: Մինչդեռ հոկտեմբերի 23-ին ամբողջությամբ մթության մեջ առափնյա անվտանգության ծառայության առագաստանավը պարեկային ծառայության ժամանակ մխրճվել էր միգրանտների հետ նավի մեջ, որը տեղափոխվում էր առանց նավիգացիոն լուսերի: Այդ ժամանակ զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ Սիրիայից երեք տարեկան երեխա, փրկվել է 32 մարդ:
Հունաստանը պահանջում է Թուրքիայից պահպանել Եվրամիության հետ համաձայնագրի դրույթներն ու վերահսկել սեփական սահմանները: