Իմ անմեղ երեխուն տարան սպանեցին, բերեցին տվեցին ինձ. սպանված Լյուքս Ստեփանյանի հայրը` Աշխարհիկ Ստեփանյան
«Ունենք սպանված հայրենակիցներ, ում ծնողներն արդարություն չեն գտնում : Մեծ ուժ և կորով է պահանջվում, որպեսզի ծնողը գա ու իր խոսքն ասի»,- Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` խոսքը տալով Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին ծառայակցի գնդակից սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հորը' Աշխարհիկ Ստեփանյանին:
«Ես Լյուքսի հայրն եմ: 4-5 ամիս առաջ հայը հային սպանեց: Ես ուժ հավաքեցի, ուզում էի տղայիս դին բերել կառավարության շենքի մոտ, բայց եկան դեմս առան, բանակը կանգնեցրին իմ առաջ: Վլադիմիր Գասպարյանը խոսք տվեց, որ շուտով դեպքը կբացահայտի, բայց գործը փակեցին: Դրանից հետո սպասեցի, շատ սպասեցի, բայց ոչ ոք չզանգեց»,- ասաց Աշխարհիկ Ստեփանյանը:
Մի կերպ հաղթահարելով հուզմունքը` նա շարունակեց. «Սպասում էի այս օրվան, որ ասեի' էս երկրից ոչ մի բան սպասել երևի չլինի: Մեր զինուժն ինձ ասաց, որ ամեն ինչ կբացահայտի, բայց իմ անմեղ երեխուն տարան սպանեցին, բերեցին տվեցին ինձ: Գործը տվել են գյուղապետին: Նա ինչ գործ ունի, ասեք տեսնեմ»: