Հիշում ենք անուն առ անուն բոլորին, ովքեր կերտեցին ազատ և անկախ Հայաստանը. Րաֆֆի Հովհաննիսյան
50 տարի առաջ այս օրը ծնվեց մեր ազգի հերոսական նվիրյալ Հրաչ Մուրադյանը: Հիշենք և հարգենք: Այս խոսքով այսօր 19:00-ին Ազատության հրապարակում իր ելույթը սկսեց «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հիշում ենք անուն առ անուն բոլորին, ովքեր կերտեցին ազատ և անկախ Հայաստանը: Ուղիղ 23 տարի առաջ իրականացավ մեր ժողովրդի նվիրական երազանքներից մեկը: Եվ չնայած սկիզբը խոստումնալից էր, հետագա երկու տասնամյակների ընթացքում մի շարք խնդիրներ, արտագաղթը համակարգային հարված հասցրին մեր ժողովրդին»:
Խոսելով երկրում առկա խնդիրների մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ բոլորի և առաջին հերթին երիտասարդների նվիրական պարտականությունը պիտի դառնա Հայաստանի հզորացմանը նպաստելը:
«Ամբողջ ազգը' շարքային քաղաքացին և ազատամարտիկները, բոլորս գտնվում ենք կախման մեջ: Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է արտակարգ իրավիճակի մեջ: Այսպես շարունակել չենք կարող: Մենք ունենք մեկ ամիս` մեր ներքին և արտաքին մարտահրավերներին պատասխան տալու համար»: