Պուտինը եւ Մակրոնը հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցով Ռուսաստանի պայմանավորվածությունները Թուրքիայի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում դրական է գնահատել Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Էմանուել Մակրոնը դրական է գնահատել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ընդհանուր կարծիքի համաձայն, Սոչիի հուշագրով նախատեսված միջոցառումները լավ հիմք են Անդրեփրատյան տարածաշրջանում կայունության համար եւ կնպաստեն սիրիական ճգնաժամի կարգավորմանն ամբողջությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունում հավելել են, թե զրույցի ընթացքում հույս է հայտնվել, որ Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստը կառուցողական եւ արդյունավետ կլինի։
Բացի այդ, ՌԴ նախագահը Մակրոնին պատմել է Սոչիում ավարտված «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթաժողովի արդյունքների մասին՝ շեշտադրելով այն, որ «մասնակիցները փոխշահավետ եւ փոխհարգալից հիմքի վրա համագործակցության բազմակողմանի ամրապնդման տրամադրվածություն են ցուցաբերել»։