Թուրքիան հավաստիացրել է Գերմանիային, որ իր գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում կրում են ժամանակավոր բնույթ
Թուրքիայի իշխանությունները հավաստիացրել են, որ իր զինված ուժերի գտնվելը Սիրիայի հյուսիս-արեւելքում ժամանակավոր որոշում է։ Այս մասին շաբաթ Անկարայում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Փաստը, որ դա համաձայնեցվել է Սոչիում եւ գրավոր ներկայացվել, նշանակում է ոչ թե երկարատեւ ներկայություն Սիրիայի հյուսիս-արեւելքում, այլ այն, որ խոսքը վերաբերում է միայն ժամանակավոր ստատուս քվոյին։ Դրանով իսկ հարկ է հաշվարկն անել այն բանի վրա, որ Թուրքիան երկար ժամանակով է մնալու Սիրիայի պետական տարածքում»,- ասել է Մաասը։ «Այդ մասին մենք այսօր նույնպես խոսեցինք, եւ դա մեկ անգամ եւս հաստատվեց»,- ասաց նա։ «Եվ դա այն է, ինչը ես ողջունում եմ»,- ավելացրել է նախարարը։
«Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում մեզ համար կարեւոր նշանակություն ունի այն, որ մենք նախ եւ առաջ փաստում ենք, որ հրադադարը պահպանվում է եւ կշարունակվի»,- ասել է նա։
Մաասը նշել է, որ «ԵՄ դիրքորոշումը ռազմական միջամտության մասին հայտնի է»։ «Մեր միջեւ գոյություն ունեն ակնհայտ տարաձայնություններ, որոնց պետք է լուրջ վերաբերվել, բայց գործընկերները եւ դաշնակիցները պետք է խոսեն միմյանց հետ, այլ ոչ թե քննարկեն միմյանց»,- ասել է նախարարը։ «Դա է պատճառը, որ ես եկել եմ այստեղ»,- ավելացրել է նա։ Մաասը նաեւ ընդգծել է, որ Բեռլինի համար Թուրքիան «եղել եւ մնում է ՆԱՏՕ կարեւոր դաշնակիցը»։
Միաժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունն սկսվելուց եւ հետագա գործողություններից հետո «պետք է գործ ունենալ նոր իրողության» հետ տարածաշրջանում։ Նախարարն ասել է, որ չի կարելի սպառնալիքի տակ դնել հաջողությունը, որը ձեռք է բերվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դիմակայելիս։ «ԻՊ-ի դեմ պայքարը դեռ բնավ ավարտված չէ»,- ընդգծել է նա։ «Մենք պետք է նայենք ապագային եւ կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի կայունացնենք իրավիճակը Սիրիայում»,- ամփոփել է Մաասը։