Թբիլիսիում մեկնարկել են թումանյանական օրերը
Հոկտեմբերի 24-26-ը, Երևանի և Թբիլիսիի քաղաքապետարանների համագործակցությամբ, Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում Թումանյանական օրեր են: Հայ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է:
Երևանյան պատվիրակության անդամները նախ այցելել են Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի: Այնուհետ, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ուղեկցությամբ, Երևանի փոխքաղաքապետն ու պատվիրակության անդամները ծանոթացել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդության կենտրոնի գործունեությանն ու պայմաններին: Կենտրոնի նախակրթարան է այցելում շուրջ 50 երեխա:
Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել հայ մեծերի շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հիմնանորոգվում է: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը նշել է, որ մշակութային օջախի խարխուլ շենքն ամբողջությամբ վերակառուցվում է։ Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնը հիմնադրման օրվանից մեծ դեր է խաղացել Թբիլիսիի հայերի մշակութային կյանքում` միաժամանակ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ հայ-վրացական բարեկամական հարաբերություններում:
Երևանն ու Թբիլիսին կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երևանի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի մայրաքաղաք այցելած ավագանու խմբակցությունների անդամները հանդիպում են ունեցել Թբիլիսիի գործընկերների հետ: Կողմերը նախանշել են այն ուղղություններն ու քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնցում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Անդրադառնալով համագործակցության հնարավոր ձևաչափերին՝ երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումն ու փոխայցերի ակտիվացումը: Երևանի ավագանու անդամները Թբիլիսիի գործընկերին հրավիրել են փոխադարձ այցով լինել Երևանում: