Հակոբ Մկրտչյան․ Փոխելու եմ քաշային կարգս և փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում
Ով, ինչ ուզում է մտածի, ես փոխելու եմ քաշային կարգս և փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում, քանի որ այժմ իմ գլխավոր նպատակը օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճելն է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որը հոկտեմբերի 25-ին Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հռչակվեց չեմպիոն եւ ռեկորդակիր:
Հակոբ Մկրտչյանը սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունում փայլուն հաղթանակ տոնելուց օրեր անց կրկին մրցահարթակում էր եւ այս անգամ եւս իրեն հավասարը չունեցավ 89 կգ քաշայինների պայքարում: Այս քաշային կարգում Մկրտչյանը սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում 210 կգ-ով, նաեւ ընդհանուր ռեկորդ՝ երկամարտի 375 կգ արդյունքով:
Հիշեցնենք, որ այս տարի Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում էլ 27-ամյա ծանրորդը հաղթանակ էր տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Այս բոլոր հաղթանակները Մկրտչյանը նվաճել է ոչ օլիմպիական քաշային կարգում՝ 89 կգ-ում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի պնդմամբ՝ Հակոբ Մկրտչյանը չի հասցնի փոխել քաշային կարգը մինչեւ Տոկիո-2020-ը, սակայն աշխարհի չեմպիոնն այս հարցի շուրջ իր տեսակետն ունի:
- Հակոբ, շնորհավորում եմ հերթական փայլուն հաղթանակիդ կապակցությամբ Եվրոպայի Մ23 առաջնությունում:
- Շնորհակալ եմ: Շատ լավ ստացվեց, այնպես, ինչպես ծրագրել էինք: Բարդ պայքար էր գնում իրականում, բայց ուրախ եմ, որ արդյունքը գոհացնող է: Այս տարվա ընթացքում շատ լավ էինք պատրաստվել բոլոր մրցումներին: Յուրաքանչյուր մրցման մոտեցել եմ լավ մարավիճակում եւ մեր բոլորիս լավ աշխատանքը տվեց իր արդյունքները:
- ԵԱ-ում հրում վարժության երկրորդ մոտեցմամբ ապահովեցիր չեմպիոնությունդ եւ կարող էիր երրորդ մոտեցման չգնալ: Պատրաստվե՞լ էիր ռեկորդին, թե՞ տեղում որոշեցիր:
- Պատրաստվել էի նախապես: Յուրաքանչյուր մրցման ես նպատակ եմ դնում իմ առջեւ ոչ միայն չեմպիոնություն, այլեւ ռեկորդ սահմանել: Եվրոպայի առաջնությունում էլ պատրաստ էի ռեկորդի եւ արեցի:
- Մեկ ամիս առաջ փայլեցիր Թաիլանդի մրցահարթակում՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ի՞նչ զգացողություններ են մնացել հաղթական օրվանից:
- Զգացողություններս եւ տպավորություններս նույնն են: Ես դեռ 2018-ին Թուրքմենստանում պետք է նվաճեի աշխարհի չեմպիոնի կոչումը: Բայց այնտեղ չստացվեց: Սխալս շտկեցի Թաիլանդում: Երբ Բաթումիում դարձա Եվրոպայի չեմպիոն, վստահությունս ավելի մեծացավ եւ դա ինձ օգնեց Թաիլանդի մրցահարթակում:
- Հակոբ, այս բոլոր հաղթանակներդ նվաճեցիր ոչ օլիմպիական քաշային կարգում: Աշխարհի առաջնությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ չես հասցնի փոխել քաշային կարգդ Տոկիո-2020-ի համար: «Օլիմպիական խաղերին մնացել է 8 ամիս, եւ քաշային կարգ փոխելով մասնակցել Հայաստանի թիմից անհնար է: Նա կամ պետք է 10 կգ քաշ իջնի, կամ 6-7 կգ ավելացնի՝ մասնակցելով 96 կգ քաշային կարգում, որտեղ մարզիկները բարձրացնում են 230 կգ: Իսկ նա այսօր բարձրացնում է 208 կամ 210 կգ»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը: Դու ի՞նչ տեսակետ ունես այս առումով: Կփոխե՞ս քաշդ:
- Ես պատկերացնում եմ, որ կփոխեմ քաշային կարգս, անպայման: Եվրոպայի առաջնությունից հետո միանգամից կփոխեմ: Նախատեսում եմ մեկ ամսվա մեջ փոխել եւ, իմ կարծիքով, մեկ ամսում կհասցնեմ ու ամեն ինչ լավ կլինի, հաստատ: Քաշս կբարձրացնեմ:
- Իսկ ինչո՞ւ է Փաշիկ Ալավերդյանը հակառակը մտածում:
- Չգիտեմ, ամեն մարդ մի ձև է մտածում: Ես, օրինակ, մտածում եմ, որ կհասցնեմ հաստատ: Չգիտեմ՝ ով, ինչ է մտածում, բայց ես հաստատ կհասցնեմ մինչեւ Օլիմպիական խաղեր:
- Ի՞նչ ես կարծում՝ քեզ ավելի լավ կզգաս բա՞րձր քաշում, թե՞ ցածր:
- Գտնում եմ, որ ծանր քաշում ինձ ավելի լավ կզգամ: Եթե ցածր քաշ տեղափոխվեմ, շուրջ 10 կգ քաշ պետք է կորցնեմ: Դա արդեն խնդիր է ինքն իրենով, վնասվածքներ կլինեն հաստատ: Ես կտեղափոխվեմ 96 կգ: Իմ անձնական քաշը 90 կգ է: Բարձրանալը խնդիր չի լինի, ավելին՝ ավելի լավ կզգամ ինձ:
Նպատակդ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերն է...
- Միանշանակ: Եվրոպայի, աշխարհի չեմպիոնի տիտղոսները նվաճել եմ: Այժմ նպատակս Օլիմպիական չեմպիոնի տիտղոսն է: Եթե նույնիսկ այս Օլիմպիական խաղերում չստացվի, կշարունակեմ օլիմպիական ոսկե մեդալի համար պայքարել հաջորդ մրցաշրջանում: Բայց ամեն ինչ կանեմ, որ այս Խաղերին մասնակցեմ եւ հաղթեմ: Ամեն դեպքում, միեւնույն է, եթե հաջողվի այս Օլիմպիական խաղերում հաղթել, շարունակելու եմ մարզվել եւ նորանոր հաղթանակներ կերտել հայկական ծանրամարտում:
- Վերադառնանք աշխարհի առաջնությանը: Ի՞նչ փոխվեց կյանքումդ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո:
- Իրականում ոչինչ չի փոխվել. ամեն ինչ նույնն է, միայն հաղթանակներիս մեջ ավելացավ եւս մեկ՝ ինձ համար շատ կարեւոր նվաճում: Իմ կյանքում, առօրյայում առանձնահատուկ փոփոխություններ չեն եղել:
- Սովորաբար, բարձր նվաճումներից հետո մարզիկները չեն կարողանում խուսափել աստղային հիվանդությունից. քեզ մոտ ինչպե՞ս է:
- Ես նման բաներ չունեմ ընդհանրապես (ծիծաղում է): Չեմ զգացել, որ թեկուզ մեկ անգամ ինձ ինչ-որ մեկից բարձր դասեմ կամ զգամ: Երեւանում եւ հատկապես Գյումրիում ինձ շատ լավ դիմավորեցին, եւ ես միայն ուրախ եմ, որ կարողացա իմ ազգին ուրախություն պարգեւել իմ հաղթանակով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում: