Կարեկցանք, թե կա'մ աթոռ, կա'մ մահ
Եվս մի քանի օր և սեպտեմբերմեկյան գիտելիքի օրվա զանգով մտնելու ենք աշնանային եղանակի մեջ, որը եթե հարյուրավոր մանուկների համար կնշանավորվի առաջին անգամ դպրոց ոտք դնելով, 22-ամյա մեր պետության համար կնշանավորվի կատարելիք արտաքին քաղաքական կողմնորոշման ժամկետի սեղմումով: Եվ միայն այսքանը:
Իսկ ներքին դաշտում հասկանալի է, կատարյալ բրոունյան շարժում է, այսինքն' քաոս, քանի որ մի կողմից հասարակությունն այլևս սպասելիքներ չունի քաղաքական ուժերից, մյուս կողմից քաղաքական ուժերն իրենք են գաղափարական-մարդկային ռեսուրսային վակուումի մեջ և զբաղված են միայն եղածի վերջին մնացորդները, և երրորդ կողմից էլ հասարակությունն ինքը սպառված է և մի տեսակ էլ «ուժ» և «հավես» չունի քաղաքական պրոցեսներին մասնակցելու և ավելի սեփական սոցիալական խնդիրների վրա է կենտրոնացած: Ներքին դաշտի այս վիճակի հարցում կարելի է ժամեր շարունակ ասել, խոսել ու գրել, սակայն դժվար թե որևէ բան դրանով փոխվի, քանի որ մարդիկ հիասթափված են առկա գործիչներից ու գործելաոճից, սպասում ունեն նոր դեմքերի, նոր սկզբունքների, նոր մեթոդների: Կիսախորհրդային կարկատանային վիճակն այլևս սպառել է իրեն և այժմ առաջնահերթորեն կարիք է զգացվում նորացման, թարմացման, և որ ամենակարևորն է այնպիսի սկզբունքների ու գործելաոճի մշակման, որ իր հիմքում ունենա մարդասիրական կարեկցանքը, հանրային պահանջին լսելու կարողությունը և ոչ թե շարժվի «կամ աթոռ կամ մահ» տրամաբանությամբ:
«Կամ աթոռ կամ մահ» տրամաբանությունն այլևս կարող է ճակատագրական լինել, հենց թեկուզ այն պատճառով, որ միայն Բագրատաշենի անցակետով Հայաստանից 12 հազար մարդ է հեռացել վերջին ամիսների ընթացքին: