Թուրքիայի իշխանությունները բռնի ուժով սիրիացի փախստականներին արտաքսում են «անվտանգության գոտի»
Թուրքիայի իշխանությունները բռնի ուժով սիրիացի փախստականներին արտաքսում են Սիրիայի հետ սահմանին գտնվող շրջան, որտեղ մտադիր են այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծել, հաղորդում է Amnesty International-ը:
Այժմ Թուրքիայում մոտ 3,6 մլն սիրիացի փախստական է բնակվում: Անկարան հույս ունի մինչեւ 2 մլն մարդ տեղափոխել Սիրիայի հյուսիս-արեւելքում ծրագրվող «անվտանգության գոտի»: Անկարան պնդում է, որ ավելի քան 350 000 սիրիացի փախստական վերադարձել է իր երկիր, հաղորդում է Reuters-ը:
Սակայն Amnesty International-ի հաղորդմամբ՝ փախստականները բողոքում են, որ թուրքական ոստիկանությունը սպառնացել է նրանց կամ պարտադրել փաստաթղթեր ստորագրել, որոնք հաստատում են, որ իրենք ինքնակամ վերադառնում են Սիրիա:
«Իրականում Թուրքիան սպառնալիքի տակ է դնում սիրիացի փախստականների կյանքը՝ նրանց ստիպելով ռազմական գործողությունների գոտի վերադառնալ»,- հայտարարել է բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունը:
Amnesty International-ը կարծում է, որ վերջին ամիսներին հարյուրավոր մարդիկ են հարկադրաբար տեղափոխվել: Կազմակերպությունը հիմնվում է հուլիսից մինչեւ հոկտեմբեր անցկացված հարցազրույցների վրա՝ հաստատելով նման 20 դեպք: Արտաքսված սիրիացիներին սովորաբար հայտնում են, որ իրենք գրանցված չեն կամ ապրում են թուրքական նահանգի սահմաններից դուրս, որտեղ գրանցված են, ընդ որում, մարդկանց արտաքսում են նահանգներից, որտեղ նրանք գրանցված են եղել: