Հրատարակվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների լատիշերեն թարգմանությունը
Ռիգայում հրատարակվել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների լատիշերեն թարգմանությունը: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Մենք ուրախությամբ հայտնում ենք, որ Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն Ռիգայում վերջապես հրատարակվել է լատիշերենով: Թարգմանիչն է լատիշ հայագետ Վալդա Սալմինան, ձեւավորողը՝ տաղանդավոր նկարիչ Նարարա Մուրադյանը, հրատարակիչը՝ լատիշական Յանիս Ռոզե հրատարակչատունը: Նախագիծն իրականացվել է Լատվիայում Հայաստանի դեսպանության եւ Գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության ջանքերով ու աջակցությամբ՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առիթով: Մենք շնորհակալ ենք Վլադիմիր Մխիիթարյանին աջակցության համար: Մենք շնորհակալ ենք այս նախագծին մասնակցած բոլոր գործընկերներին: Շատ շուտով հրատարակչատան հետ միասին կկազմակերպենք գրքի շնորհանդեսը»,- նշել է նա: