Ես այն մարդկանցից եմ, որ միշտ կողմ եմ եղել աշխատավարձերի բարձրացմանը, երբ կոռուպցիան վերացվում է, աշխատավարձը պետք է բարձրանա. Կարեն Քոչարյան
Ես այն մարդկանցից եմ, որ միշտ կողմ եմ եղել աշխատավարձերի բարձրացմանը, երբ կոռուպցիան վերացվում է, աշխատավարձը պետք է բարձրանա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելուն:
«Այն մարդը, որ աշխատում է պետական համակարգում, պետք է ապրի արժանապատիվ: Եթե մարդը պետք է ծառայի պետությանը, ինքը չպետք է մտածի իր երեխան սոված է, դասագիրք ունի, թե չունի: Իսկ թե ինչու թաքուն է արվում, դա ես չեմ կարողանում հասկանալ: Այդ առումով ինչ նոր իշխանությունից դուր է գալիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մոտեցումը, որ չի թաքցրել, միշտ ասել է՝ այո, ստացել ենք, ստանում ենք եւ պետք է ստանանք: Աշխատում ենք, պետք է ստանանք»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ իշխանության ներկայացուցիչները հեծանիվով կամ մետրոյով էին երթեւեկում, քաղտեխնոլոգն ասաց, որ կարճ ժամանակահատվածի համար նման PR քայլերն աշխատում են. «Հիմա երբ էյֆորիայի ալիքը գրեթե լրիվ նստել է, մեկանգամյա բաները էլ չեն աշխատում, դրա համար էլ նման բաներ հիմա չեն էլ արվում»:
Իր հերթին պահեստազորի գնդապետ, «Սիսական ջոկատի» 2-րդ վաշտի հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այդ քայլով հիմնականում բարձրացվել են այն սուբյետկների աշխատավարձերը, որոնք ներկայացնում են «Իմ քայլը» դաշինքը կամ ՔՊ-ն: «Եվ աշխատանքային օրենսգրքի, եւ հավելավճարների, պարգեւավճարների մասին օրենքի, եւ մարդկային բարոյականության նորմերի խախտումներ են տեղի ունեցել: Այն ֆոնին, երբ ուսուցիչների աշխատավարձը չի բարձրացել, քաղծառայողների աշխատավարձը չի բարձրացել, իրավական համակարգի աշխատողների աշխատավարձը չի բարձրացել, Նիկոլ Փաշինյանի մերձակա շրջապատի աշխատավարձերի բարձրացումը քաղաքական անբարոյականության բարձրագույն արտահայտություն եմ համարում»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դա արվել է կոռուցպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, հարց է ծագում, թե արդյոք նման ռիսկեր չկան մյուս ոլորտներում եւս:
«Այստեղ տեսնում ենք յուրայինների լավ ապրելու միտում, որն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը մսխում է, փոշիացնում է պետական բյուջեն»,-հավելեց Հովհաննիսյանը:
Նախկին հետախույզ, ռազմագետ Գեւորգ Գրիգորյանը եւս նշեց, որ եթե աշխատավարձերը բարձրանում են, կարեւոր է, որ դա համաչափ արվի: