Հյուսիսային Կորեան ամերիկացի պաշտոնյաներին մեղադրել է Փհենյանի հանդեպ թշնամական վերաբերմունքի մեջ
Հյուսիսային Կորեան ամերիկացի պաշտոնյաներին մեղադրել է Փհենյանի հանդեպ թշնամական վերաբերմունքի մեջ, չնայած երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հատուկ» հարաբերություններին, եւ Վաշինգտոնին կոչ է արել «իմաստուն» գործել, փոխանցում է AP-ն:
«Չնայած նախագահ Թրամփի քաղաքական դատողությանը եւ մտադրությանը, Վաշինգտոնի քաղաքական շրջանակները սառը պատերազմի մտածողությամբ եւ գաղափարախոսական նախապաշարմունքներով Հյուսիսային Կորեային թշնամաբար են վերաբերվում»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ խորհրդական Կիմ Կի Գվանը: «Մենք ցանկանում ենք տեսնել, որ ԱՄՆ-ն իմաստնություն կդրսեւորի մինչեւ տարեվերջ»,- ասել է Գվանը:
Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ միջուկային բանակցությունները խզվել էին Կիմ Չեն Ընի եւ Թրամփի փետրվարյան գագաթնաժողովի տապալումից հետո, որի ժամանակ ամերիկյան կողմը մերժել էր Հյուսիսային Կորեայի պահանջները՝ իր միջուկային պոտենցիալի մի մասը հանձնելու գործարքի դիմաց պատժամիջոցների թուլացման մասին:
Կիմ Կի Գվանը նշել է, որ Կիմ Չեն Ընն իր հարաբերությունները Թրամփի հետ «հատուկ» է որակում, եւ որ 2 առաջնորդների միջեւ վստահությունը դեռեւս պահպանվում է: «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ բոլոր խոչընդոտների հաղթահարման եւ երկկողմ հարաբերությունների առաջմղման շարժիչ ուժը կներկայացվի սերտ հարաբերությունների հիման վրա»,- ասել է Կիմ Կի Գվանը: