Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս-արևելքում պահպանի 500 մարդուց կազմված զորակազմ
Ամերիկյան իշխանությունները քննարկում են Սիրիայի հյուսիս-արեւելքում 500 մարդ թվաքանակով զորակազմի պահպանման, ինչպես նաեւ զինծառայողների պաշպանության համար այնտեղ մի քանի տասնյակ տանկ ու այլ տեխնիկա ուղարկելու հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի գնահատմամբ՝ իրադարձությունների զարգացման այդպիսի սցենարը նշանակում է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրերի փոփոխություն: Պարբերականի կարծիքով՝ ԱՄՆ-ն այս կերպ մի փոքր կփոխի Սիրիայի տարածքում զորքերի ներկայության նպատակը: Հիմա բացի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից, ԱՄՆ-ն հույս ունի «երկրի արեւելքում պաշտպանել նավթային հանքավայրերը»:
Պենտագոնի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս-արեւելք լրացուցիչ ուժեր եւ տեխնիկա է ուղարկում ԻՊ զինյալներից նավթային հանքավայրերը պաշտպանելու համար: «ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի գործընկերների համակարգմամբ եւ այդ նավթային հանքավայրերի վերադարձը ԻՊ-ին կամ այլ ապակայունացնող ուժերին կանխելու միջոցներով»,- նշված էր փաստաթղթում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները զինյալներին թույլ չեն տա Սիրիայի հյուսիս-արեւելքում վերականգնել նավթային հանքավայրերի վերահսկողությունը եւ մտադիր է դրանք թողնել իր վերահսկողության ներքո, այնուհետեւ կորոշի՝ ինչպես դրանց հետ վարվել: