Թուրքիան պետք է Սիրիայի հարցում աշխատի ՆԱՏՕ-ի, ոչ թե Ռուսաստանի հետ. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը կարծում է, որ Թուրքիան պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հետ Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում, այլ ոչ թե Ռուսաստանի։ Համապատասխան դիրքորոշումը Պենտագոնի ղեկավարը հնչեցրել է հինգշաբթի Բրյուսելում, ելույթ ունենալով Մարշալի գերմանական հիմնադրամում, Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան շարժվում է ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ։ Նա պետք է ավելի շատ դեպի ՆԱՏՕ նայի եւ ավելի քիչ՝ դեպի Ռուսաստան»,- ասել է նա՝ պատասխանելով Անկարայի եւ Մոսկվայի սերտ համագործակցութան մասին հարցին Սիրիայի իրավիճակի վերաբերյալ։ Նա նաեւ չի համաձայնել, թե Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները Սիրիայի վերաբերյալ խոշոր դիվանագիտական ձեռքբերում են ՌԴ-ի համար։ «Միայն ժամանակը ցույց կտա՝ շահ կստանա՞ արդյոք Ռուսաստանը Սիրիայում իր գործողություններից»,- ասել է նա։
Հոկտեմբերի 22-ին Ռուսաստաի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ ընդունել են համատեղ գործողությունների հուշագիր Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Համաձայն այդ փաստաթղթի՝ ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինվորականները հոկտեմբերի 23-ից մտցվում են Սիրիայում թուրքական գործողության գոտուն սահմանակից շրջաններ։ Քրդական կազմավորումներին տրվում է 150 ժամ, որպեսզի լիովին ազատեն թուրքական սահմանից սկսած 30 կիլոմետր գոտին, ինչից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները կսկսեն համատեղ պարեկումը։