Թաիլանդի թագավորը շարունակում է զտումները. շնորհազրկվել է վեց պաշտոնյա
Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկոռնը ազատել է վեց պաշտոնյայի «չարամիտ պահվածքի» պատճառով։ Մի քանի օր առաջ թագավորը բոլոր կոչումներից եւ տիտղոսներից զրկել էր իր ֆավորիտուհի Սինինաթ Վոնգվաջիրապադկային, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ազատվածների մեջ են թագավորական պալատի երկու թիկնապահ եւ բարձրաստիճան ոստիկան, նրանք մեղադրվում են անպատշաճ վարքի եւ միապետի հանդեպ լոյալ չլինելու մեջ, ինչպես նաեւ այն բանում, որ «իրենց պաշտոններն օգտագործել են հանուն իրենց կամ ուրիշի շահի»։
Քննադատները զգուշանում են, որ թագավորի ներկա քայլերը կարող են նշանակել աբսոլյուտիզմի սկիզբ Թաիլանդում։
«Նրանց չարամիտ վարքը կոպտորեն խախտել է կարգապահական նորմերը, նրանք օգտագործել են իրենց դիրքը իրենց եւ ուրիշների համար շահ ստանալու նպատակով»,- ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Royal Gazette-ում։
Այս շաբաթ Թաիլանդի թագավորը աշխարհին զարմացրել է անսպասելի որոշմամբ՝ զրկել իր պաշտոնական ընկերուհուն՝ Սինինաթ Վոնգվաջիրապադկային բոլոր կոչումներից եւ տիտղոսներից, դրանք շնորհելուց ընդամենը մի քանի ամիս անց։
Հուլիսին Սինինաթ Վոնգվաջիրապադկան ստացել էր պաշտոնական թագավորական կոնսորտի կոչում։ Բայց ընդամենը երեք ամիս անց պալատում տեղեկացրել են, որ 34-ամյա կինը պատժվել է «թագուհու կարգավիճակի ձգտելու» փորձի պատճառով։