ԱՄՆ հրթիռային բազայում մարիխուանա են գտել
ԱՄՆ ՌՕՈՒ-ն քննում է տեղեկությունները Հյուսիսային Դակոտա նահանգում ռազմական բազայում մարիխուանայի հայտնաբերման մասին, որտեղ տեղակայված են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, հայտնում է Task & Purpose պարբերականը:
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ ՌՕՈՒ Minot Air Force Base ռազմական բազայում զինվորականներից մեկին բռնացրել են իր հերթափոխի ժամանակ մարիխուանա ծխելիս: Հաղորդվում էր, որ խուզարկության ժամանակ բազայի շենքերից մեկում հայտնաբերվել է թմրանյութով գլանակ:
Ռազմաբազայի ներկայացուցիչ Գաբրիել Քուշինգը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ բազայի ղեկավարությունը քննում է «վերգետնյա օբյեկտում ապօրինի թմրանյութերի առկայության կասկածները»: Նա հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ մինչեւ քննության ավարտը տեղեկատվություն չի ներկայացվի:
Associated Press գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ ՌՕՈՒ ներկայացուցչի հայտարարությունը, հստակեցնում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռեւս հոկտեմբերի 9-ին՝ հրթիռային արձակման մասին նախազգուշացման օբյեկտում: Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ թմրանյութը չի եղել հրթիռների ուղղորդման օպրերատորների տեղակայման մերձակայքում:
Task & Purpose-ը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մայիսին, երկու զինվորականներ վարչական պատժի էին ենթարկվել Վայոմինգ նահանգում մեկ ուրիշ հրթիռային բազայում ոգելից օգտագործելու համար, որտեղ նույնպես տեղակայված են Minuteman հրթիռներ: