Կիևում տեղի է ունեցել ուկրաինացի պատգամավորների և Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հանդիպում
Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի նորաստեղծ խորհրդարանական խմբի պատգամավորները հանդիպել են Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հետ, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքի ներկայացուցիչների հետ քաղաքական կառույցների փոխգործակցության հարցերը, Ուկրաինայի հայերի միության դերը ուկրաինա-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում, փորձագիտական շրջանակների, գիտության եւ մշակույթի գործիչների հետ շփումների հետագա ակտիվացման հնարավորությունները։
Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ղեկավար, «Ժողովրդի ծառա» խմբակցության ժողպատգամավոր Արտյոմ Դմիտրուկը դրական է գնահատել Ուկրաինայի հայերի միության ավանդը Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում։
Հայկական համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացրել է Ուկրաինայի հայերի միության գործունեությունը միջազգային ոլորտում, կազմակերպության նախաձեռնած նախագծերը՝ ուղղված երկու երկրների կապերի ակտիվացմանը քաղաքականության, տնտեսության, գիտության եւ մշակույթի ոլորտներում։
Հանդիպման մասնակիցները կողմնակից են հաճախակի հանդիպումներին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը։
Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խումբը ստեղծվել է հոկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում։ Այն գլխավորել է «Ժողովրդի ծառա» կառավարող խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը։ Խմբի կազմում ընդգրկվել է 12 պատգամավոր։