Ռուսաստանը բողոքի նոտա կներկայացնի Հայաստանին զենքի տենդերը խափանելու պատճառով
Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կներկայացնի զենքի տենդերի խափանման պատճառով, որին մասնակցում էր ռուսաստանյան ORSIS ընկերությունը (մտնում է «Պրոմտեխնոլոգիաներ» խմբի մեջ) եւ կխնդրի այդ երկրի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել իրավիճակը, հետեւում է փաստաթղթից, որի պատճենը կա ՌԻԱ «Նովոստի»-ի տրամադրության տակ։
2019 թվականի օգոստոսին ORSIS-ի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել էր ՌԻԱ «Նովոստի»-ին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից զենքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր ռուսաստանյան այդ ընկերությունը, Հայաստանում քրեական գործ է հարուցվել «ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի» հոդվածով։ Հետագայում այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել են հայկական ռազմական գերատեսչությունում։
Գործակալության՝ իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ նոտան արդեն ԱԳՆ-ում է եւ առաջիկայում դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին։
Նոտայում, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցեւի կողմից եւ հասցեագրվել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ տենդերին ORSIS-ի մասնակցության հայտը «առանց ծանրակշիռ հիմքերի մերժվել է», իսկ ընկերությունը «չմոտիվացված կերպով ներառվել է» Հայաստանի Զինված ուժերի «անբարեխիղճ մատակարարների ցուցակում»։
Փաստաթղթից նաեւ հետեւում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը «անիրավաչափ ձեւով դիմել է բանկ՝ պահանջելով վճարել տենդերին մասնակցության բանկային երաշխիք», չնայած օրենքով ընկերությունը պետք է վճարեր նման փոխհատուցում, եթե շահեր տենդերը եւ ինքը հրաժարվեր պայմանագիրը ստորագրելուց։
«Խնդրում եմ ձեզ դիտարկել ստեղծված իրավիճակը եւ ցուցումներ տալ դրա կարգավորմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասվում է փաստաթղթում։