Թրամփը հայտնել է սահմանային պատի կառուցման մասին նահանգում, որը սահմանամերձ չէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սահմանային պատի կառուցման մասին Կոլորադո նահանգում, որը չի հարում ամերիկա-մեքսիկական սահմանին: Պիտսբուրգում (Փենսիլվանիա նահանգ) նրա ելույթը թերթաքարային էներգակիրներին նվիրված համաժողովւմ հեռարձակել է Սպիտակ տան կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գիտե՞ք, թե ինչու ենք մենք պատրաստվում ընտրություններում հաղթել Մեքսիկային սահմանակից Նյու Մեքսիկո նահանգում: Որովհետեւ նրա բնակիչները իրենց սահմանին անվտանգություն են ուզում: Նրանք դա չունեին,- ասել է նա: - Մենք պատ ենք կառուցում Նյու Մեքսիկոյի սահմանին: Մենք պատ ենք կառուցում Կոլորադոյում: Մենք կառուցում ենք գեղեցիկ, մեծ պատ, որն իսկապես արդյունավետ է, որի վրա անհնար է բարձրանալ եւ անհնար է տակը փորել»:
«Մենք պատ ենք կառուցում Տեխասում: Մենք պատ չենք կառուցում Կանզասում, բայց նրանք օգուտ են ստանում այն պատերից, որոնց մասին հենց նոր խոսեցինք»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը:
Կոլորադոն Նյու Մեքսիկոյից հյուսիս է գտնվում, ամերիկյան իշխանությունները նախկինում չեն հայտնել այս նահանգում որեւիցե սահմանային պատի կառուցման մասին: Միեւնույն ժամանակ, Կոլորադո գետի երկայնքով, Արիզոնա նահանգում՝ ամերիկա-մեքսիկական սահմանի մոտ կառուցվում է պատի հատված: