Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով Պուտինի եւ Էրդողանի պայմանավորվածությունները
Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով համաձայնագիրը, որը երեքշաբթի կնքվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Սիրիայի հյուսիսում հրադադարի մասին համաձայնագիրը դրական քայլ է տարածաշրջան կայունության եւ անդորրի վերադարձման ճանապարհին»,- Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա: Մուսավին հավելել է, որ «Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը նպաստում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ ազգային ինքնիշխանության ամրապնդմանը»:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների ձեռքբերումը կնպաստի իր անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգության վերացմանը»: «Իրանը Ադանայի համաձայնագրում համապատասխան հիմք է տեսնում Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ խնդրի լուծման համար, եւ այս կապակցությամբ պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն Անկարայի եւ Դամասկոսի միջեւ երկխոսություն հաստատելու համար»,- նշել է նա:
Ռուսաստանի եւ Թուրրքիայի նախագահները հոկտեմբերի 22-ին Սոչիում հուշագիր էին ստորագրել Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների մասին: Փաստաթղթի համաձայն՝ հոկտեմբերի 23-ի կեսօրից ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինվորականները մտնում են Սիրիայում Թուրքիայի գործողության գոտուն սահմանակից շրջաններ: Քրդական կազմավորումներին հատկացվում է 150 ժամ թուրքական սահմանից 30-կիլոմետրանոց գոտին լիովին ազատելու համար, որից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները կսկսեն համատեղ պարեկումը:
Մոսկվան եւ Անկարան հուշագրում նաեւ հաստատել են 1998 թվականի Ադանայի համաձայնագրի կարեւոր նշանակությունը, որի համաձայն Թուրքիան իրավունք է ստացել Սիրիայի սահմանամեձ գոտում ոչ մեծ անդրսահմանային գործողություններ իրականացնելու ընդդեմ ահաբեկիչների: