Վթար Լոռիում. բախվել են «ԳԱԶ 2410»-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հաղորդում է Shamshyn.com-ը:
Ժամը 09:30-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի բնակիչ, 66-ամյա Կառլեն Մ.-ն իր վարած ГАЗ 2410 մակնիշի 34 ՍF 769 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բնակիչ, 26-ամյա Գարիկ Թ.-ի վարած Opel Zafira մակնիշի 34 ON 044 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 44-ամյա Գևորգ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շահբազյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի