Արտակարգ դեպք Մեծ Բրիտանիայում. Ոստիկանությունը հայտնաբերել է 39 մարմին բեռնատարի կցորդիչում
Ոստիկանությունը հայտնաբերել է 39 մարմին բեռնատարի կցորդիչում բրիտանական Գրեյս քաղաքի (Էսեքսի կոմսություն) արդյունաբերական գոտում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է կոմսության ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կանչ ենք ստացել շտապօգնության ծառայությունից կցորդիչում մարդկանց մարմինների հայտնաբերումից հետո։ Արտակարգ իրավիճակների ծառայությունը փաստել է 39 մարդու մահը։ Նախնական տվյալներով՝ զոհվածների մեջ 38 մեծահասակ եւ մեկ պատանի կա։ 25-ամյա տղան Հյուսիսային Իռլանդիայից բռնվել է սպանության կասկածանքով»,- ասվում է հաղորդման մեջ։
Իրավապահների տեղեկություններով՝ բեռնատարը ենթադրաբար եկել է երկիր Բուլղարիայից հոկտեմբերի 19-ին։ Բռնվածը բեռնատարի վարորդն է։
Բուլղարիայի ԱԳՆ-ն մանրամասն տեղեկություն չունի Մեծ Բրիտանիայում կատարվածի մասին եւ ստուգում է ստացվող տեղեկությունները։
«Մեր դեսպանությունը Լոնդոնում կապի մեջ է տեղի իշխանությունների հետ եւ ստուգում է դեպքը»,- ասվում է Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդման մեջ։