Թուրքիան կշարունակի քրդերի դեմ ռազմական գործողությունները. փորձագետ
Միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան քրդերի դեմ ռազմական գործողությունները կշարունակի: Հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քրդական հարցով փորձագետ, քաղաքագետ Վահրամ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի համար քրդերը էքզիստենցիալ հարց են ներկայացնում եւ սպառնում են ներկայիս տեսքով պետության բուն գոյությանը, այս պատճառով Էրդողանը դեռեւս չի հասել իր նպատակին: «Թուրքիայի համար ընդունելի որոշում կլինի Սիրիայում քրդերին որեւիցե կարգավիճակից զրկելը եւ զինված կազմավորումների առկայության բացառումը՝ լինեն դրանք օրինական, թե անօրինական: Քրդական հարցը ներքին պատճառներ ունի, Թուրքիայի իշխանությունների քաղաքականության հետեւանքն է, այսինքն՝ դրսից չի ներմուծված: Ուստի եթե անգամ հաջողվի վերջնականապես լուծել Քրդական աշխատավորական կուսակցության հարցը, ապա մեկ ուրիշ կազմակերպություն կհայտնվի: Խնդիրն այն է, որ երբ թուրքական իշխանությունները փորձում են պայքարել օրինական քրդական կազմակերպությունների դեմ, նրանք ընդհատակ են անցնում, եւ հետագա ճնշումների դեպքում վերածվում են արմատականների»,- ասաց փորձագետը:
Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան, ըստ էության, արել է այն, ինչին ձգտել են նաեւ տարածաշրջանում մյուս լուրջ խաղացողները: «ԱՄՆ-ն, որը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում քրդերի դաշնակիցն էր, թուլացրեց քրդերին, բայց դա արեց ի դեմս Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի ձեռքերով: Ռուսաստանը եւս շահում է՝ հարված հասցնելով ԱՄՆ իմիջին այն հիմնավորմամբ, որ Վաշինգտոնը քրդերին լքեց: Չնայած Մոսկվան կնախընտրեր, որ ռազմական գործողությունները շարունակվեին, ինչը կթուլացներ Թուրքիային, սակայն այն, որ սիրիական բանակը նշված գոտում որոշ տարածքներ է ստացել, Ռուսաստանին նույնպես ձեռնտու է: Այս իրավիճակը միանգամայն ձեռնտու է նաեւ Իրանին»,- նշեց քաղաքագետը:
Փորձագետը պարզաբանեց, որ քրդական ուժերը հիմա սպասողական վիճակում են, որից հետո կկարողանան հաշվարկել իրենց քայլերը, եւ այս ամենը տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդման ֆոնին, ինչի մասին է վկայում նաեւ Իրաքյան Քուրդիստանի տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության երկու կարեւոր անձանց սպանությունը:
Պետրոսյանն ընդգծեց, որ Սոչիում Պուտինի հետ բանակցությունները, ինչպես նաեւ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների հետ բանակցությունները հանգեցրել են Անկարայի գործողությունների դեմ քարոզչական ալիքի ոչ մեծ նվազմանը:
«Դրանից բացի, Էրդողանը կփորձի ինչ-որ արդյունքների հասնել նաեւ դիվանագիտական ճանապարհով, իսկ այն, ինչին չի հաջողվի հասնել դիվանագիտությամբ, կկատարվի ռազմական ուժի միջոցով»,- ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր «Բոչարով ռուչեյ» նստավայրում սիրիական թեմայով բանակցություններ է անցկացրել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: