Ոստիկանները բացահայտել են 64-ամյա կնոջ դաժան սպանությունը. Կասկածյալը ՊԵԿ փոխնախագահ եղբա՞յրն է (Լուսանկարներ)
Իրավապահները բացահայտել են հոկտեմբերի 22-ին Երեւան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները մեկ տասնյակից ավելի հասցեներում են եղել, նրանց գործողությունների արդյունքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել է նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը:
Նա փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարվածը եւ քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է:
Պարզվել է, որ նա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջեւ ոչ մի շփում չի եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:10-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում սպանություն է տեղի ունեցել:
Ոստիկաններն ու քննիչները բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել էին տանտիրուհու՝ 64-ամյա Ց. Բ.-ի դին: Դատաբժիշկը, զննելով դին, իրավապահներին տեղեկացրել էր, որ նրա մարմնի վրա կա սուր կտրող-ծակող գործիքով պարանոցի շրջանում կտրած-պատռած վերք, կրծքավանդակի եւ որովայնի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքեր: Աղբյուրը հայտնել էր նաեւ, որ տան որոշ սենյակներ ամբողջովին տակնուվրա էին արված: