Աշխարհը պետք է ճանաչի ժամանակակից Հայաստանը. Օվեռն Ռոն Ալպեր դեպարտամենտի ղեկավար
Հայաստանը երկիր է, որի մասին մտածում ես ինչպես բարեկամի: Այս մասին ֆրանսիական Օվեռն Ռոն Ալպեր դեպարտամենտի ղեկավար Լորան Վոկիեն ասել է Երեւանում Հայաստանի հետ բարեկամությանը նվիրված երեկույթի ժամանակ: Նշենք, որ սա դեպարտամենտի նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է:
Լորան Վոկիեի խոսքով՝ ինչպես բոլոր ֆրանսիացիների, իր վրա անձամբ եւս մեծ տպավորություն է գործել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը: «Հայաստանը երկիր է, որի մասին մտածում ես ինչպես բարեկամի: Հավանաբար, նրա մարմնավորում կարելի է անվանել Շառլ Ազնավուրին»,- նշել է Վոկիեն: Հայ համայնքի հետ շփվելիս հայտնվում ես նրա ջերմության, բարյացակամության, հյուրընկալության տպավորության տակ: «Հուզում է նրա խորագույն կապվածությունն իր արմատներին: Միաժամանակ՝ հարգանքը Ֆրանսիայի եւ ամեն ֆրանսիականի հանդեպ»,- շեշտել է Վոկիեն:
«Աշխարհը պետք է ճանաչի Արարատի ստորոտին գտնվող երկրի ներուժը: Տեսնի ժամանակակից Հայաստանը»,- հայտարարել է դեպարտամենտի ղեկավարը: Հակիրճ ներկայացնելով վարչապետի հետ հանդիպման արդյունքները՝ Լորան Վոկիեն ընդգծել է, որ նշվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ թվային տեխնոլոգիաներ, էկոտուրիզմ, լեռնադահուկային տուրիզմ: «Ես տեսա երկիր, որտեղ իշխանափոխությունը տեղի է ունեցել առանց բռնության: Աշխարհում էլի որտե՞ղ կտեսնես նման բան: Հիմա անհրաժեշտ է միահամուռ այնպես անել, որ Հայաստանի վաղվա օրն ավելի լավը լինի»,- նշել է դեպարտամենտի ղեկավարը:
Պատվիրակությունն այսօր կայցելի Գյումրի: