ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը մտադիր է դաշնակիցներին կոչ անել մեծ ավանդ ներդնել Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի պաշտպանությունում
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը մտադիր է դաշնակիցներին կոչ անել մեծ ավանդ ներդնել Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի պաշտպանությունում՝ «Իրանի կողմից սպառնալիքներին հակադարձելու համար», տեղեկացնում է AP-ը։
ԱՄՆ-ն արդեն համաձայնել է Սաուդյան Արաբիա ուղարկել 3 «Փաթրիոթ» հրթիռային մարտկոց, տասնյակ կործանիչներ եւ այլ ինքնաթիռներ։ Երեքշաբթի Էսփերը զննել է «Փաթրիոթ» հրթիռային մարտկոցներից մեկը արքքայազն Սուլթանի ավիաբազայում։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան «կօգնի ծածկել» ԱՄՆ լրացուցիչ օգնության որոշ ծախսեր։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ նա արդեն զրուցել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի գործընկերների հետ։ «Իմ նպատակներից մեկը Բրյուսելում այս շաբաթ այդ քննարկումները զարգացնելն է»,- ասել է նա։
Էսփերի այցը Սաուդյան Արաբիայի ռազմաօդային բազա նրա առաջին հնարավորությունն է՝ տեսնել այնտեղ տեղակայված ԱՄՆ զորքերը եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի համաձայնությունը՝ օգնել վճարելու որոշ ծախսեր, անսովոր բան չէ։ Նա ասել է, որ չգիտե, թե ինչ գումար կհատկացնի թագավորությունը։