Թրամփը «լավ լուրեր» է ներկայացրել Սիրիայի, Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լավ լուրեր» է ներկայացրել Սիրիայի, Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիրիայի հյուսիսում 120-ժամյա հրադադարի ռեժիմի գործողությունը, որը հայտարարվել է հոկտեմբերի 17-ին Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնության հիման վրա, ավարտվել է հոկտեմբերի 22-ին Երեւանի ժամանակով 23:00-ին: Սիրիացի քրդերը ամերիկյան վարչակազմին հայտնել են, որ ԱՄՆ եւ Թուրքիայի համաձայնության շրջանակում բոլոր պարտավորությունները կատարել են եւ անվտանգության գոտին լքել:
«Հիմա, կարծես, լավ լուրեր են գալիս Թուրքիայի, Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի վերաբերյալ: Ավելի ուշ նոր տեղեկություններ կլինեն»,- Twitter-ում նշել է Թրամփը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին՝ ուղղված Թուրքիայում արգելված Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Նույն օրը թուքական ավիացիան հարվածներ էր հասցրել Ռաս էլ Այն քաղաքին եւ 2 երկրների սահմանին գտնվող սիրիական մի շարք այլ քաղաքների:
Ավելի ուշ հայտարարվել էր գործողության ցամաքային մասի մեկնարկի մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին թուրք զինվորականները եւ սիրիական զինված ընդդիմությունը վերահսկողություն են հաստատել Ռաս էլ Այնում, իսկ հաջորդ օրը հայտարարվել էր Թել Աբյադ քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին:
Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օկուպացիոն քաղաքականությունը: Ռուսաստանը հայտարարել էր, թե անհրաժեշտ է, որ Թուրքիան խուսափի այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել 2011 թվականից շարունակվող սիրիական հակամարտության կարգավորմանը: