Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի հարցում ճակատագրական պայմանավորվածություններ են ձեռք բերել․ Պուտին
Ռուսաստանը կիսում է Թուրքիայի մտահոգությունը՝ Սիրիայում անջատողական այն տրամադրությունների աճի հետ կապված, որոնք արհեստականորեն սնուցվում էին կողքից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքերով, առանց Թուրքիայի եւ Սիրիայի փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության ոչինչ անել հնարավոր չի լինի։
«Սահմանին խաղաղության եւ հանգստի պաշտպանությունը թուրքերը եւ սիրիացիները պետք է միասին իրականացնեն։ Այստեղ առանց Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ փոխհարգալից համագործակցության հնարավոր չէ»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել է նա։
Պուտինը հայտնել է, որ Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում իրավիճակի հետ կապված մի քանի համաձայնագրերի մասին։
Այդ պայմանավորվածությունները ՌԴ նախագահն անվանել է «շատ կարեւոր, եթե ոչ ճակատագրական»։
Նա նշել է քրդերի եւ Սիրիայի կառավարության միջեւ լայնածավալ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը։
«Կարեւոր է, որպեսզի թուրքական զինված ուժերի գործողություններից չօգտվեն ահաբեկչական կազմակերպությունների անդամները, այդ թվում ԻԳԻԼ-ը, որի զինյալները գերեվարված են քրդական ռազմական զորամիավորումների կողմից եւ փորձում են ազատություն ձեռք բերել։
Սիրիան պետք է ազատվի անօրինական օտարերկրյա ռազմական ներկայությունից։ Սիրիայում ամուր եւ երկարատեւ կայունության, մեր կարծիքով, կարելի է հասնել միայն այդ երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելով։ Սա սկզբունքային դիրքորոշում է, եւ մենք մանրամասն խոսել ենք այդ մասին Թուրքիայի նախագահի հետ։ Կարեւոր է, որ թուրք դաշնակիցները կիսում են այդպիսի մոտեցումը»,- նշել է Պուտինը։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Սոչիում Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում իրավիճակը և երկկողմ համագործակցությունը: