Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյի գահակալության տոնակատարությանը (Լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ճապոնիայի կառավարության հրավերով Տոկիոյում ներկա է գտնվել Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը:
Ճապոնիայի կայսերական պալատում տեղի ունեցած արարողությանը ներկա են գտնվել պատվիրակներ աշխարհի 183 երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Միապետին գահակալման առթիվ շնորհավորական խոսք է ուղղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն:
Ավանդապաշտ Ճապոնիայում կայսրն ունի հիմնականում ներկայացուցչական լիազորություններ։ Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի կայսրը պետության եւ ազգի միասնության խորհրդանիշն է եւ իրականացնում է արարողակարգային գործառույթներ: Ճապոնիայի՝ այժմ արդեն նախկին կայսր 85-ամյա Ակիհիտոն գահից հրաժարվել էր այս տարվա ապրիլին՝ այն փոխանցելով որդուն: Նոր կայսեր գահակալությամբ Ճապոնիայում ավարտվել է ազգային ժամանակագրության Հեյսեյ՝ «Խաղաղություն հաստատելու դարաշրջանը», որը սկսվել էր 1989թ., եւ մեկնարկել է 59-ամյա Նարուհիթոյի գահակալության ժամանակաշրջանը, որը ստացել է Ռեյվա անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «կարգ ու կանոն եւ ներդաշնակություն»։ Կայսերական ընտանիքն ունի հազարամյա պատմություն։ Նարուհիթոն այս դինաստիայի, որը գոյություն ունի ավելի քան 2600 տարի, 126-րդ կայսրն է: