Ռատմիր Շիշկովի մայրն արտասվել է՝ իմանալով Տիմատիի որդու անունը
Նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 16-ին, 36-ամյա ռեփեր Տիմատին երկրորդ անգամ հայր է դարձել. Անաստասիա Ռեշետովան նրան որդի է պարգեւել, որին ծնողները Ռատմիր անունն են տվել։ Դժվար չէ կռահել, որ դա հարգանքի տուրք է Տիմատիի մտերիմ ընկերոջը՝ Ռատմիր Շիշկովին, որը 12 տարի առաջ մահացել է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետեւանքով։ Պարզվում է՝ երաժիշտը պահպանում է շփումը նրա մոր՝ Լյալյա Միխայլովնայի եւ դստեր՝ Ստեֆանիայի հետ, որը լույս աշխարհ է եկել երիտասարդ արտիստի մահվանից երկու ժամ անց։
Շիշկովան արտասվել է՝ կարդալով Տիմատիի որդու մասին նորությունները։ «Ես, իհարկե, զանգահարեցի, շնորհավորեցի Տիմուրին։ Շատ ուրախ եմ նրա համար։ Անկեղծորեն չէի ենթադրում՝ ինչ անուն է նա ծրագում տալ փոքրիկին։ Իմանալով հուզվեցի արտասվելու աստիճանի։ Զրույցի ընթացքում նա նկատել է, որ այդ կերպ իմ որդու ժառանգությունը եւ նրա մասին հիշողությունը երկար կմնան։ Տիմուրը երջանիկ է, չէ որ տղան երկար սպասված էր։ Անպայման ինչ-որ նվեր կգնեմ փոքրիկ Ռատմիրչիկի համար եւ հյուր կգնամ»,- Starhit-ի հետ զրույցում ասել է Ռատմիրի մայրը։
Ռատմիր Շիշկովը հայտնիություն է ձեռք բերել «Фабрика звезд-4» նախագծում մասնակցության շնորհիվ։ Նա Տիմատիի, Անաստասիա Կոչետկովայի եւ Դոմինիկ Ջոկերի հետ երաժշտական խումբ է ստեղծել «Բանդա» անունով։ 19-ամյա երգիչն ավտովթարի է ենթարկվել եւ մահացել մեքենայում պայթյունի արդյունքում, որում եւս չորս մարդ է եղել։ Ռեփերը դժվարությամբ է վերապրել ընկերոջ մահը, որի մահվանից հետո խումբը ցրվել է։