Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ. Քննարկվել է Սիրիայի վերջին իրադարձությունները
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ, որի ընթացքում ծավալուն քննարկում է տեղի ունեցել Սիրիայի վերջին իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկվել է առաջիկայում նման ֆորսմաժորային իրավիճակների պլանավորման անհրաժեշտությունը բարձր ռիսկային այն շրջանների համար, որտեղ առկա են հայկական համայնքներ: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
Զարեհ Սինանյանը մասնակիցներին ներկայացրել է նաեւ հաջորդ տարի գրասենյակի կողմից կազմակերպվելիք 3 համաժողովները, որոնք կնպաստեն ինչպես Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, այնպես էլ հայրենիքի զարգացման գործում սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը եւ հայրենադարձությանը: Ամերիկայի Հայ դատի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակների իրականացմանը ե´ւ Հայաստանում, ե´ւ Լոս Անջելեսում: