Հայտնի են Եվրոպայում ամենահետախուզվող հանցագործ կանանց անունները
Եվրապոլը գաղտնազերծել է Եվրոպայում ամենահետախուզվող հանցագործ կանանց անունները, գրում է Independent-ը:
ԵՄ ոստիկանության ծառայության կայքում տեղադրվել են 21 կասկածյալիլուսանկարները, որոնցից 18-ը կանայք են: Փախուստի դիմած հանցագործ կանանց մասին տեղեկատվությունը հրապարակվել է «Հանցագործությունը չունի սեռ» արշավի շրջանակում:
Նշվում է, որ ամենաորոնվող հանցագործ կանանց ցանկում է 56-ամյա Հիլդա Վան Աքերը, որը մեղադրվում է բրիտանացի գործարար Մարկուս Ջոն Միթչելի՝ 1996 թվականին կատարված սպանության մեջ:
Հետախուզվում է նաև 52-ամյա չեխ Իվետա Տանկոսովան, որը մեղադրվում է երիտասարդ կնոջ սեռական առևտրի մեջ. հանցագործը պահում էր կնոջը կողպած տարածքում, ծեծում նրան և ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ:
Համաձայն Եվրապոլի հաղորդագրության՝ «Հանցագործությունը չունի սեռ» արշավի նպատակն է հնարավորինս շատ ուշադրություն գրավել իր կայքի նկատմամբ և մեծացնել փախուստի դիմած հանցագործներին բռնելու հավանականությունը: