Էրդողանը վերջնագիր է ներկայացրել քրդերին և սպառնացել «գլուխները թռցնել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Անկարայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը չկատարվի, թուրքական բանակը կվերսկսի իր գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: Նման հայտարարություն Էրդողանը արել է շաբաթ օրը՝ ըստ թուրքական NTV հեռուստաալիքի:
Նախագահը հիշեցրել է, որ համաձայն պայմանավորվածության՝ 120 ժամվա ընթացքում «ահաբեկիչները» (այդպես Անկարան անվանում է քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին»), պետք է լքեն անվտանգության գոտին:
«Այսօր երկրորդ օրն է (այն պահից, երբ պայմանագրերն ուժի մեջ է մտել): Վերջնաժամկետն ավարտվում է երեքշաբթի երեկոյան», – ասել է Թուրքիայի ղեկավարը: «Եթե համաձայնագիրը չկատարվի, 120 ժամից հետո մենք կշարունակենք գործողությունը և կշարունակենք թռցնել ահաբեկիչների գլուխները»,- ասել է Էրդողանը: