ՆԱՏՕ-ն Սիրիայում Թուրքիայի գործողությունների հարցով ճգնաժամային շտաբ է ստեղծել
ՆԱՏՕ-ն ճգնաժամային շտաբ է ստեղծել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների շուրջ իրավիճակի եւ դրա հնարավոր հետեւանքների հարցով, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով գերմանական Welt am Sonntag թերթի տվյալներին:
Այդ կառույցի կազմում ընդգրկվել են լրտեսության եւ անվտանգության հարցերով փորձագետներ, ռազմական գործողությունների գծով մասնագետներ եւ քաղաքական խորհրդականներ:
Հոկտեմբերի 16-ին անդամ պետությունների 29 մշտական ներկայացուցիչների կազմով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ Թուրքիան խոստացել է իրազեկել միության գործընկերներին իր հարձակումների, ռազմական գործողությունների գոտում վնասի չափի եւ փախստականների հոսքի մասին: Բացի այդ, Անկարան տեղեկացրել է, որ Սիրիայի հյուսիսում գործողությունները կշարունակվեն մինչեւ նոյեմբերի առաջին կեսը: Այդ տեղեկատվությունը, սակայն, ներկայացվել է նախքան հնգօրյա հրադադարի մասին Թուրքիայի որոշումը, նշում է թերթը: