«Ավրորա-2019»-ի հաղթող դարձավ Միրզա Դինային (ֆոտոռեպորտաժ)
Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ հայտարարվեց «Ավրորա» մրցանակի 2019 թվականի հաղթողի անունը (ֆոտոռեպորտաժ):
Այս տարի հաղթողը Միրզա Դինային է:
Միզրա Դինային «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրը եւ տնօրենն է:
Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն:
Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին:
Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել եւ հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերին, օգնում նրանց վերականգնվել: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) եւ «Շայ» հիմնադրամը (Shai Fund):
Նշենք, որ մյուս երկու հավակնորդներն էին փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան եւ փաստաբան ու ակտիվիստ Հուդա ալ-Սարարիմ»
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:
Վաղը երեկոյան բարեգործական համերգի ժամանակ դափնեկրին կշնորհվի «Ավրորա» մրցանակի արձանիկը:
Նշենք, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն այս տարի շնորհվում է 4-րդ անգամ: Այն բաղկացած է երկու մասից՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն եւ նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ մեծարվում են մերօրյա հերոսները, որոնք բացառիկ ազդեցություն են ունեցել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքը փրկելու եւ մարդասիրական գաղափարներն առաջ մղելու գործում: 2019թ. «Ավրորայի» հերոսներից մեկն էլ այդ երեկոյի ընթացքում կդառնա մրցանակի դափնեկիր` 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւի միջոցով շարունակելով մարդասիրության շղթան եւ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Այս տարի միջոցառումը կանցկացվի նոր ձեւաչափով. 2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման բուն արարողությունից բացի, կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: