Brexit-ի հետաձգման հետ կապված` բրիտանական խորհրդարանը փոփոխություն է ընդունել
Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը չի փոխվել, երկիրը մինչեւ հոկտեմբերի 31-ը կլքի Եվրամիությունը։ Այս մասին, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում , հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնն այն բանից հետո, երբ պատգամավորներն ընդունել են ԵՄ-ի հետ «ամուսնալուծության» հետաձգման մասին փոփոխության նախագիծը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես նախկինի պես համոզված եմ նրանում, որ Միացյալ Թագավորության եւ ողջ Եվրոպայի համար լավագույն տարբերակը նոր գործարքի պայմաններով Brexit-ն է, որը կիրականացվի հոկտեմբերի 31-ին»,- ասել է նա՝ հավելելով․ «Ցավոք, խորհրդարանն այսօր չօգտվեց ըստ էության քվեարկելու հնարավորությունից, քանի որ այժմ այն կորցրել է իմաստը»։ Նա նաեւ ընդգծել է, թե կոտրված չէ այսպիսի արդյունքից։
Բրիտանական պալատի Համայնքների պալատը շաբաթ օրը Brexit-ի հետաձգման մասին օրենսդրական փոփոխություն է կատարել։ Իշխող Պահպանողական կուսակցությունից նախկին պատգամավոր Օլիվյեր Լատվինի առաջարկության օգտին քվեարկել է ստորին պալատի 322 օրենսդիր, դեմ են եղել 306-ը։
Այս փոփոխությունը անիմաստ է դարձնում ԵՄ-ի հետ գործարքին հավանություն տալու կառավարության առաջարկը, որին հասնելու մասին հայտարարվել էր հոկտեմբերի 17-ին, եւ որի հետ կապված քվեարկությունը պետք է կայանար այսօր երեկոյան։ Դրա տեքստը ենթադրում է, որ ԵՄ-ի հետ գործարքը չի հաստատվի խորհրդարանականների կողմից այնքան ժամանակ, քանի դեռ Համայնքների պալատը չի ընդունել այն բոլոր օրենքները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ից երկրի դուրս գալու համար։ Սրա նպատակը առանց գործարքի Brexit-ից խուսափելն է, որպեսզի անկանխատեսելի իրավիճակները կամ ժամանակի անբավարարությունը խոչընդոտ չդառնան անհրաժեշտ իրավական գործողություններն իրականացնելու համար։