Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների վատթարացումը մեծացնում է Ինջիրլիքում միջուկային ռումբերի վերաբերյալ մտահոգությունը
Սիրիա Թուրքիայի ներխուժման պատճառով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածությունը զգայուն հարց է առաջացնում՝ արդյոք ԱՄՆ-ը պետք է դուրս բերի թուրքական Ինջիրլիք ավիաբազայում պահվող միջուկային ռումբերը:
Դա բարդ հարց է մի քանի պատճառներով, ներառյալ այն փաստը, որ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչում արտասահմանում միջուկային զենքի առկայությունը: Այդուհանդերձ, գաղտնի չէ, որ մոտ 50 ամերիկյան B-61 միջուկային ռումբեր պահվում են Ինջիրլիքում, գրում է AP-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անուղղակիորեն ճանաչել է այդ փաստը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը վստահ է, որ ռումբերն անվտանգ են պահվում: «Մենք վստահ ենք»,- ասել է նա:
Ինջիրլիքը գտնվում է Սիրիայից 150 մղոն հեռավորության վրա:
Սիրիայի հյուսիս ներխուժման դադարեցման մասին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի համաձայնությունը, հավանաբար, դանդաղեցրել է հարաբերությունների վատթարացումը՝ նշում է պարբերականը:
«Վերջին մի քանի տարում թուրքերի պահվածքը սարսափելի է»,- անցած կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը՝ նշելով, որ Անկարան հերքել է, թե նախազգուշացումներ է ստացել ԱՄՆ-ի կողմից՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր չգնելու համար:
Հուլիսին Պենտագոնը Թուրքիան բացառել է F-35 կործանիչների ծրագրից՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնման պատճառով: Դա լուրջ հարված է հասցրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին եւ Վաշինգտոնում մտահոգությունների տեղիք տվել, թե արդյոք Թուրքիան հուսալի դաշնակից է:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանի խոսքով՝ Թուրքիայում ամերիկյան միջուկային զենքն անվտանգ է պահվում: Իսկ որոշ ամերիկացի փորձագետներ ասում են, որ Ինջիրլիքում ամերիկյան ռումբերն ավելի անվտանգ կլինեն, քան ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրում:
Սակայն ամերիկացի մի շարք գիտնականներ, որոնք երկար տարիներ ուսումնասիրել են այդ հարցը, նշում են, որ Ինջիրլիքից ամերիկյան զենքի դուրսբերման հարցը վաղուց է հասունացել: Նրանց խոսքով՝ վերջին տարիներին ռազմաօդային ուժերը մտահոգված են դրանց անվտանգությամբ:
«ԱՄՆ-ի քաղաքականությունը կայանում է նրանում, որ ո՛չ հաստատվի, ո՛չ հերքվի այս կամ այն վայրում միջուկային զենքի առկայությունը կամ բացակայությունը»,- ասել է ԱՄՆ ՌՕՈւ փոխգնդապետ, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ուրիա Օռլանդը:
Նույնիսկ մասնավոր փորձագետները, որոնք ուսումնասիրում են այդ հարցը, վստահ չեն՝ ինչ քանակությամբ ռումբ է պահվում Ինջիրլիքում: