Պատվիրատուն Սեդրակյանը չի եղել, Սեդրակյանը պարզապես միջնորդ էր. Պարույր Հայրիկյան
«Ժողովուրդ» թերթի թղթակիցը զրուցել է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ, ով իր խոսքում նշել է, որ իր դեմ իրականացված մահափորձից հետո մինչ օրս ինքը չի կարողանում գրել, իսկ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող, նախագահի մեկ այլ թեկնածուից՝ Վարդան Սեդրակյանից, նա մտադիր է, որպես փոխհատուցում, ավելի մեծ գումար պահանջել:
Թղթակցի այն հարցին, թե ինչ կարծիք ունի Պ.Հայրիկյանը գործով մեղադրողի կողմից Վ.Սեդրակյանին 12 տարվա, Ս.Հարությունյանին՝ 13, իսկ Խ.Պողոսյանին՝ 14 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդության մասին, Հայրիկյանը պատասխանել է.
«Այդ միջնորդությունն անտրամաբանական էր: Ավելին ասեմ, ես պատրաստվում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մի հարցադրումով, թե որքանով է ճիշտ պատվիրատուին այդքան ավելի մեղմ մոտենալ, քան կատարողին, որովհետև իմ տրամաբանությամբ կատարողներն ավելի մեղմ պատժի պետք է արժանանային, քան նրանց հրամաններ տվողները»:
Իսկ թղթակցի այն դիտարկմանը, որ Պ.Հայրիկյանը բավարարված չէ, և գործը լիովին բացահայտված չէ, Պ.Հայրիկյանն ասել է.
«Բոլորը գիտեն, որ դա այդպես է: Ոչ միայն մենք ենք այս ամենով հետաքրքրված, այլև՝ շատերը, հետաքրքրված լինելով՝ եկել են այն եզրակացության, որ գումարը եկել է Ռուսաստանից: Գումարը փոխանցողներն արդեն հեռացել են Հայաստանից, և ես կարծում եմ՝ Հայաստանի ճակատագրով հետաքրքրված մարդիկ, հաստատություններն այս առումով քայլեր կձեռնարկեն»:
Շարունակելով իր խոսքը՝ Հայրիկյանը շեշտել է, որ պատվիրատուն Սեդրակյանը չի եղել, Սեդրակյանը պարզապես միջնորդ էր: Նա դրամ ստացող և սպանությունը պատվիրող միջնորդ պատվիրատու է:
Անդրադառնալով Պ.Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանի կողմից դատարանից 43մլն. դրամի փոխհատուցում պահանջելու մասին հարցին, Հայրիկյանը նշել է, որ իր փաստաբանը ցածր գումար է պահանջել: Նա ուզել է միայն բուժման գումարը, որը երկու տարուց ավելի է տևելու:
«Այդ 42 միլիոնը «Վիվառո»-ում միլիարդ խաղացած մարդու համար մանրուք է»,- ասել է Պ.Հայրիկյանը:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: